Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանն «Օրդաբասի»-ի հետ խաղից հետո հրաժարական է տվել ղազախական «Տարազ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական էջից։
Ակումբի ղեկավարությունն ափսոսանքով է ընդունել Մինասյանի այդ որոշումը։ Ակումբը բարձր է գնահատում Մինասյանի աշխատանքը, որն առաջնության առաջին 7 տուրերի արդյունքում թիմի ցուցանիշները առաջատարների խմբում բարձրացրել է։
Ակումբը շարունակում է ելույթները երկրի գավաթի քառորդ եզրափակիչում: Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու թիմի խաղացողներն անկեղծ շնորհակալություն են հայտնել Վարդան Մինասյանին կատարած աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալ համագործակցության համար:
Տարազցիների գլխավոր մարզիչը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու իր որոշման մասին:
«Նման որոշումները հեշտ չեն տրվում։ Ցանկանում եմ երախտագիտության խոսքեր ասել այն մարդկանց, որոնք ինձ հնարավորություն տվեցին աշխատել «Տարազ» ակումբում։ Շնորհակալություն նաև մեր բոլոր նվիրյալ երկրպագուներին, որոնք մեզ ջերմորեն աջակցել են և եղել են թիմի կողքին ցանկացած պահի։ Եվ ամենակարևորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին։ Դուք ունեք լավ ֆուտբոլային ապագա, պարզապես պետք է ճիշտ մտածել և շատ աշխատել»,- նշել է Մինասյանը։