12 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մասնակից ունի բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը փառահեղ հաղթանակ տոնեց Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում: Հայ մարզիկը մեծ առավելությամբ պարտության մատնեց ադրբեջանցի Մուհամեդ Աբդուլաևին:
Առաջին ռաունդի մեկնարկից Չալոյանը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի վրա ու բռնցքամարտի լեզվով ասած իսկական ծեծ տվեց ադրբեջանցուն: Նույն էր նաև երկրորդ ռաունդում: Մեր մարզիկը մրցակցին սեղմել էր ռինգի պարաններին և մենք շատ վստահ առաջին և երկրորդ ռաունդերը շահեցինք 5:0 հաշվով: 3-րդ ռաունդում գյումրեցի մարզիկը արդեն տակտիկական մենամարտ անցկացրեց ու մեկ վայրկյան անգամ կասկածի տակ չդրեց իր հաղթանակը:
Աշխարհի առաջնությունում մենք երկու մենամարտ ենք ունեցել ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ և երկուսում էլ հաղթանակ ենք տոնել: Ավելի վաղ ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ գեղեցիկ հաղթանակ էր տոնել նաև Հովհաննես Բաչկովը»,-նշում է աղբյուրը։