61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Սերբիայում ընթացող աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում գոտեմարտել է ռուս Արտուր Չեբոդաևի հետ և 11-7 հաշվով հաշվով հաղթանակ տարել՝ նվաճելով երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Հարությունյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին, իսկ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթանակ էր տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ:
«Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները ևս տպավորիչ ելույթներ են ունեցել՝ անմասն չմնալով մեդալներից։ Մեր թիմը երիտասարդական ԱԱ-ին ներկայացել է 8 ըմբիշով, որոնցից 7-ը պայքարել են մեդալների համար։ 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր։ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը նվաճել են բրոնզե մեդալներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։