2021-ի մարզական տարին Հայաստանի համար հաղթական մի շարք դրվագներ ունեցավ: Տոկիո-2020 ամառային 32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված էր 17 մարզիկով:
Օլիմպիական խաղերում մեր երկրի մարզական պատիվը պաշտպանեցին հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանը, ինչպես նաև ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը: Մեդալակիր դարձավ միայն Արթուր Ալեքսանյանը` նվաճելով Օլիմպիական խաղերի արծաթը:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձավ:
Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է նաև բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Հատկանշական էր Տոկիո 2020-ին մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հովհաննես Բաչկովի մենամարտը ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ: Հայ բռնցքամարտիկը 4-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ:
Իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանն ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի Ադբուլաևին ու դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով արծաթե մեդալ։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանն էլ դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Նորվեգիայում 2021-ի հոկտեմբերին կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը մասնակցեց։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանն, ինչպես նաև ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը 2021-ին սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան:
2021-ին Կրակովում կայացավ Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունը, որտեղ Արցախից մրցույթին մասնակցող Արթուր Առուշանյանը հաղթեց 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերը և դարձավ աշխարհի քառակի չեմպիոն: Արթուր Առուշանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է:
2021 թվականի օգոստոսին Ռումինիայում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունեցավ: