Աշխատանքից ազատվում են, երբ հաստիքով են աշխատում, ստանում են աշխատավարձ։ Ինձ համար մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի, մարմնամարզության գծով պատասխանատուի աշխատանքն իմ սեփական նախաձեռնությունն էր։ Այս մասին ասել է Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը՝ մեկնաբանելով մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից իրեն ազատելը։
Նրա խոսքով՝ ինքը ֆեդերացիայում աշխատել է անվճար հիմունքներով։
Ռոտենբերգը նաև ասել է, որ իր հեռացման մասին իմացել է անծանոթ մարդկանցից։
«Ե՛վ ֆեդերացիան, և՛ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համարձակություն չունեցան ինձ հրավիրել հանդիպման և ասել սա»,- ասաց նա:
Նատալյա Ռոտենբերգը հավելել է, որ բացի իր նախկին պարտականություններից, զբաղվում է նաև քաղաքականությամբ։ Անցյալ տարի նա ամուսնու ղեկավարած կուսակցությամբ մասնակցում էր վարչապետի ընտրություններում։ Քաղաքականությամբ զբաղվելու որոշումը կայացվել է հանուն ամուսնու, ով որոշել է մասնակցել ընտրություններին։
«Եթե ինչ-որ մեկը կարծել է, որ ես կդադարեցնեմ իմ քաղաքական գործունեությունը, սխալվել է։ Երկրորդ բարձրագույն կրթությունը՝ պետական կառավարում, ինչի՞ համար եմ ստացել։ Ոչ նրա համար, որ տանը կարկանդակներ կամ լավաշ թխեմ: Ես այս կրթությունը ստացել եմ պետական կառույցներում աշխատելու, պետության վիճակը բարելավելու, պետության, երեխաների, ժողովրդի շահերը պաշտպանելու համար»,- ասաց Ռոտենբերգը։
Նա ընդգծեց, որ օրենքը չի արգելում քաղաքական գործիչներին աշխատել մարզական ֆեդերացիաներում՝ որպես օրինակ բերելով Գագիկ Ծառուկյանին և Սերժ Սարգսյանին։
Ռոտենբերգը խոստովանել է, որ քաղաքական կուսակցություն ստեղծելուց հետո փոստային նամակ է ուղարկել ծանոթներին, ընկերներին, գործընկերներին ու ուսուցիչներին՝ այդ քաղաքական ուժին միանալու խնդրանքով՝ ընդգծելով, որ դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում։
«Ընդհակառակը, ես դեռ բոլորին ասում եմ՝ միացե՛ք ինձ, անցե՛ք իմ կողմը, եթե ուզում եք, որ ձեր երկիրը զարգանա։ Սա նորմալ քաղաքական գործընթաց է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Արզաքանցյանն ու Ռոտենբերգը մարտի 21-ին հայտարարեցին «Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադրման մասին։
Հայ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը փետրվարի 4-ին նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ռիթմիկ մարմնամարզության գծով փոխնախագահ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել էր, որ սա շատ կարևոր իրադարձություն է հայկական սպորտի զարգացման գործում։ Գիլոյանը շեշտել էր, որ բազմիցս քննարկել է Նատալյա Ռոտենբերգին այս պատասխանատու պաշտոնում նշանակելու հարցը, քանի որ նա ցանկություն է հայտնել զարգացնել սպորտը Հայաստանում։