Մայիսի 21-31-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի մեր պատմության մեջ առաջին անգամ նման մեծ մարզական միջոցառում՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ սա պատահական չէ, քանի որ սպորտի, առողջ ապրելակերպի խթանումը կառավարության առաջնահերթություններից է:
«Գիտեք, որ այս միջոցառումը հյուրընկալելու իրավունքը մենք ստացել ենք նախորդ տարի: Աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներգրավված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ»,-ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Նշվել է նաև, որ ֆան-գոտիներ կստեղծվեն Կարապի լճի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում. կտեղադրվի մեծ էկրան, ներկայացված կլինեն մարզական միջոցառման մասնակիցների նկարները: