«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կմնա իտալական թիմում։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում՝ հռոմեացիները պատրաստ են նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին։
Առաջիկա օրերին իտալական ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Ռոման պլանավորում է կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել առնվազն մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
33-ամյա Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում դարձել է 3 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում Մխիթարյանը հանդես է եկել «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»։