Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ տեղը: «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով են դիմավորել մեր մարզիկներին։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը մինչև 77 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել, լրագրողների հետ զրույցում նշել է․
«Յուրաքանչյուր մրցաշարի ոսկե մեդալի հետևից եմ գնում։ Թվում էր, թե ամեն ինչ բարդ կլինի, սակայն առաջին փորձից հաջողվեց Եվրոպայի առաջնությանը հաղթող ճանաչվել արդեն օլիպիական քաշային կարգում։ Երբ հաղթանակից հետո տեսնում ես ժողովրդի արձագանքը, այդ հանգամանքն է՛լ ավելի է քեզ պարտավորեցնում։ Կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ թե՛ աշխարհի, թե՛ օլիմպիական խաղերի հաղթող ճանաչվել։ Ուզում եմ հաղթանակս նվիրել մեր հերոսներին։ Հաղթանակս նվիրում եմ մեր հայ և եզդի ազգին»։
Հիշեցնենք, որ Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով թուրք ըմբիշ էմրե Բասարին։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։0 հաշվով բացարձակ հաղթանակ տարավ շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Եվոպայի 2021թ․ առաջնությունում Մալխաս Ամոյանը արծաթե մեդալակիր էր դարձել 72 կգ քաշային կարգում։ Նույն քաշում Ամոյանը 2021-ին նաև աշխարհի չեմպիոն էր դարձել։