Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմային»:
Մխիթարյանը մի քանի օր առաջ տեղափոխվեց Միլանի «Ինտեր»։ «Ռոմայում» Մխիթարյանը հանդես է եկել 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա հռոմեացիների կազմում դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։
«Այն պահից ի վեր, երբ ես հագա «Ռոմայի» մարզաշապիկը, ես ձգտում էի հաղթանակների հանուն այդ ակումբի և նրա ֆանտաստիկ երկրպագուների։ Հպարտ եմ Տիրանայում կայացած հաղթանակով (Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ-խմբ.): Այս հաղթանակը «Ռոմայում» իմ երեք տարիների հրաշալի ավարտն էր»,- թվիթերյան էջում գրել է Մխիթարյանը։
Կիսապաշտպանը շնորհակալություն է հայտնել «Ռոմայի» մարզչական կազմին և բոլոր աշխատակիցներին՝ ընդգծելով, որ «հավերժական քաղաքը» հավերժ կմնա իր սրտում:
«Հիմա եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են ակումբի համար … Շատ շնորհակալ եմ մեր անձնակազմին և մասնավորապես Մոուրինյոյին իմ հանդեպ վստահության և ուշադրության համար, ինչպես նաև այն բացառիկ մոտիվացիայի համար, որը նա տվել է ինձ որպես խաղացող: «Ռոմայի» համար ամբողջ կյանքս տվեցի խաղադաշտում և նրա սահմաններից դուրս։ Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այստեղ, և ես երբեք չեմ մոռանա այն հրաշալի պահերը, որոնք մենք անցկացրել ենք միասին»,– գրել է Մխիթարյանը։
«Ռոմայում» անցկացրած երեք տարվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է 115 հանդիպում՝ խփելով 29 գոլ և կատարելով 25 արդյունավետ փոխանցում: