Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել իր նոր թիմի՝ Միլանի «Ինտերի» հետ։ Ակումբն իր կայքում ներկայացրել է մարզումից լուսանկարներ՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով հայ կիսապաշտպանին։
«Երեկ մենք վերադարձանք մարզումներին։ Ներաձուրիները քրտնաջան աշխատել են «Սունին» մարզումային կենտրոնում, քանի որ շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի մեկնարկին:
Հուլիսի 6-ին «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, մեկնաբանելով Մխիթարյանի տեղափոխությունը միլանյան ակումբ, նշել է, որ միշտ երկրպագել է Հայաստանի հավաքականի նախկին առաջատարին։ Semper Inter-ին տված հարցազրույցում նա հայտարարել է. «Ես միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն, չնայած այն հանգամանքին, որ նա ինձ միշտ դժվարություններ էր պատճառում, երբ մենք հանդիպում էինք»,- ասել է Իտալիայի նախկին հարձակվողը։
Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստն այժմ հանդես կգա միլանյան «Ինտեր» ակումբում։ 33-ամյա Մխիթարյանը նրանց միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Անցած մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։ Ընդհանուր առմամբ, Մխիթարյանը Ռոմայի կազմում անցկացրել է 117 հանդիպում, որոնցում խփել է 29 գոլ։