Հայաստանի առաջատար ծանրորդներից Գոռ Մինասյանը որոշել է հանդես գալ Բահրեյնի հավաքականում տարեվերջին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից՝ վկայակոչելով ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին:
Աթլետի որոշումը, ըստ մարզչի, կապված է այն բանի հետ, որ Հայաստանի հավաքականում կան երեք հավասարազոր ծանրորդներ՝ Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը: «Յուրաքանչյուր երկիր կարող է երկու մարզիկ ներկայացնել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում՝ ըստ մրցաշարերի պայմանների։ Այդ դեպքում մեր առաջատար «հերկուլեսներից» մեկին կարելի էր հնարավորություն տալ խաղալ այլ երկրի հավաքականում», – ասել է Ալավերդյանը։ Արդյունքում, երբ Մինասյանին նման առաջարկ էր արվել Բահրեյնի ֆեդերացիայից, նա համաձայնել էր։
Մարզչի խոսքով՝ Գոռը նաև ձգտում է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար պաշտոնական մրցաշարերում վաստակել անհրաժեշտ վարկանիշային միավորներ: Ալավերդյանը հիշեցրել է, որ Օլիմպիադայի դեպքում ծրագրում ընդգրկված հինգ քաշային կարգերից յուրաքանչյուրում յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել երեքական մարզիկ։
Մինասյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, ինչպես նաև աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի արծաթե մեդալակիր։