ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Վահրամ Դումանյանը շնորհավորել է հայ շախմատիստներին ու նրանց պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով:
«Համաշխարհային օլիմպիադայում ձեր նվաճած արծաթե մեդալը մեզ համար ոսկու արժեք ունի: Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել, ինչով կկարողանանք: Մաղթում եմ ձեզ նորանոր նվաճումներ: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաղթանակի մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը: