Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում խոսվում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցված ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետևանքներով:
Հայտարարությունում նշվում է, որ հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաև մի շարք քաղաքական ակցիաներ:
Նշվում է, որ իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաև անվտանգության աշխատակիցները, ուստի ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում անվտանգությունն ապահովող կազմակերպությունների հետ՝ հետագայում նման իրավիճակները բացառելու համար:
Ֆեդերացիան և ակոըմբը, միևնույն ժամանակ, հայտնում են, որ անվտանգության աշխատակիցների՝ անգամ ամենամեծ քանակի դեպքում ուղղակի հնարավոր չէ կանխել նման անցանկալի իրադարձությունները, եթե չլինի բոլորի՝ ֆուտբոլային հանրության, երկրպագուների, հատկապես լրատվամիջոցների աջակցությունը:
Ընդգծվում է, որ Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար մեծ տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները:
«Ցանկանում ենք ընդգծել, սակայն, որ տուգանքները կրում են ժամանակավոր բնույթ: Նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ինչպես Հայաստանի ազգային հավաքականը, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում»,- ասվում է հայտարարությունում:
Հաշվի առնելով, որ «Փյունիկն» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին և դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, ՀՖՖ-ն և ակումբը դիմում են բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում:
Այս համատեքստում կոչ են անում լրատվամիջոցներին չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները: Կոչ է արվում հատկապես ծնողներին թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ. դա ինքնահաստատվելու լավագույն միջոցը չէ:
«Դիմում ենք ֆուտբոլի իրական սիրահարներին, երկրպագուներին, ֆան ակումբներին՝ եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում՝ հետագայում հայկական ֆուտբոլի համար անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով»,- նշվում է հայտարարությունում: