Ումար Կրեմլյովը ևս 4 տարի կմնա IBA-ի նախագահի պաշտոնում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)-ի արտահերթ նիստը, որտեղ կոնգրեսի անդամները վերահաստատել են իրենց վստահությունը գործող նախագահին: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Երևանում կայացած արտահերթ նիստում կոնգրեսը դեմ է քվեարկել նոր ընտրություն անցկացնելուն: Քվեարկությանը մասնակցել է 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, որից 106-ը քվեարկել են դեմ, 36-ը կողմ, 4-ը ձեռնպահ:
Կոնգրեսի նիստում ֆեդերացիաների ներկայացուցիչների վստահությունը ևս մեկ անգամ ստանալուց հետո Ումրար Կրեմլյովը նշել է, որ IBA-ն անկախ և ուժեղ կազմակերպություն է: Կրեմլյովը նաև ասել է, որ բռնցքամարտի աշխարհը պետք է մտածի վաղվա օրվա մասին, որպեսզի պարզ ճակատով նայի այն երեխաների ու մարզիկների աչքերին, ովքեր ընտրել են զբաղվել բռնցքամարտով: Կրեմլյովը նաև հավելել է, որ ջանք չի խնայելու, որպեսզի բռնցքամարտը դառնա աշխարհի ամենամասսայական, ամենապահանջված և մեծ հետաքրքրություն վայելող մարզաձևը: