Թբիլիսիում անցկացվող 2022թ. պարա ծանրամարտի Եվրոպայի բաց առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ պարա աթլետ, կանանց 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սվետլանա Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է Փյունիկ հաշմանդամություն ունեցող անձանց հայկական ասոցիացիան։
Նշվում է, որ այս մրցաշարը գյումրեցի մարզուհու պրոֆեսիոնալ կարիերայի առաջին միջացգային մրցաշարն է:
Թբիլիսիում անցկացվող 2022թ. պարա ծանրամարտի Եվրոպայի բաց առաջնությանը Հայաստանը ևս երկու մասնակից ունի: Հայ ծանրորդ Հարություն Մխիթարյանը, ցավոք, չի մասնակցել անհատական մրցապայքարին, քանի որ նրա կորոնավիրուսային թեստի արդյունքը դրական է եղել, իսկ մյուս մասնակիցը Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի առաջնության 4-րդ և Պարալիմպիկ խաղերի 5-րդ արդյունք գրանցած, Հայաստանի բազմակի չեմպիոն Գրետա Վարդանյանն է, որը մրցապայքարի մեջ կմտնի սեպտեմբերի 27-ին՝ այսպես կոչված «մահվան» խմբում։
Եթե Հարությունի քովիդի կրկնակի հետազոտության արդյունքը բացասական լինի, ապա սեպտեմբերի 28-ին Հայաստանի թիմը խառը թիմային պայքարում նույնպես ուժերը կչափի Եվրոպայի ուժեղագույն հավաքականների հետ: