Հայաստանի հավաքականը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Իտալիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Բռնցքամարտի ֆեդերացիայի
փոխանցմամբ՝ Էրիկ Առստամյանը փառահեղ հաղթանակ տոնեց ֆավորիտի կարգավիճակով ռինգ մտած անգլիացի Սթիվեն Լինգտոնի նկատմամբ:
«Առաջին ռաունդում անգլիացին տեխնիկապես ավելի գրագետ գործեց ու հնարամիտ գործողություններով 4:1 հաշվով շահեց ռաունդը, բայց Էրիկը չընկճվեց: Մեր մարզիկը 2-րդ ռաունդում նետվեց գրոհի ու մրցակցին շնչելու հնարավորություն չտվեց: Գրանցվեց 3:2: Զգալով մրցակցի թույլ կողմերը արցախցի մարզիկը 3-րդ վճռորոշ ռաունդում ավելացրեց տեմպն ու հաղթելով անգլիացուն նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկին: Հայաստանը մոտ է նաև թիմային հաշվարկում լինել առաջինը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալն
է նվաճել նաև Վաղարշակ Քեյանը, ով եզրափակիչում հաղթեց Անգլիան ներկայացնող Ջոն Թոմասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ն Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի 16 մարզիկներ՝ 13 տղա և 3 աղջիկ։