Քարիմ Բենզեման «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել:
France Football ամսագրի վարկածով իսպանական «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման իր կարիերայում առաջին անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր՝ վաստակելով Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Փարիզի «Շատլե» թատրոնում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Քվեարկության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել գերմանական «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, երրորդը՝ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:
Բենզեման 34 տարեկան է, նախորդ մրցաշրջանում նա 5-րդ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, չորրորդ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն և Իսպանիայի սուպերգավաթակիր: Օգոստոսի 25-ին Բենզեման եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) վարկածով ճանաչվել էր 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: «Ռեալում» նա հանդես է գալիս 2009 թվականից: Այդ ընթացքում խփել է 328 գոլ՝ զիջելով միայն Ռոնալդուին, որի գոլերի թիվը 450 է: