Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով։
Վարչապետը պարգևներ է հանձնել տղամարդկանց 18-40 տարիքային խմբի 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև հուշանվերներ և դիպլոմներ՝ ողջ տարածությունը հաղթահարած ամենատարեց 2 մասնակիցներ Մանյա Մարգարյանին և Հակոբ Թութունջյանին:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է, որ մրցավայր ժամանելիս կարդացել է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքը» պատմվածքը։
«Հրանտ Մաթևոսյանի գրած «Մեր վազքը» պատմվածքի խորքը, բովանդակությունն արտահայտում է նաև մեր այսօրվա վազքը: Կարծում եմ՝ դա մի ստեղծագործություն է, որտեղ ձևակերպված են մեր ցավերը, մեր ողբերգությունները, մեր նպատակները, նաև ձևակերպված է մեր նպատակին հասնելու մեր վճռականությունը: Մեր նպատակը ազատ, հզոր և երջանիկ Հայաստանն է, ինքնիշխան, անկախ, անվտանգ Հայաստանն է, և այս մեր քայլքի, մեր վազքի ճանապարհին մենք պետք է, ի հեճուկս ամեն ինչի, լինենք ավելի ու ավելի վճռական: Ժամանակ առ ժամանակ մենք կքայլենք, ժամանակ առ ժամանակ մենք կվազենք, ժամանակ առ ժամանակ մենք կանգ կառնենք՝ մտածելու և մտորելու համար, բայց մեր ընթացքը որևէ բանով չպիտի կասեցվի ու չի կասեցվելու:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս: Եվ արձանագրում եմ, որ մեր ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության անկասելի է: Շնորհակալ եմ»,-նշել է նա։
Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» շարքի շրջանակում 2022 թվականին անցկացվել է 5 մրցաշար: Խճուղավազքի սիրողական մրցաշարը «Վարչապետի գավաթ» շարքի՝ այս տարվա վերջին մրցաշարն է: