Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան հենացատկի վարժության եզրափակիչ անցած մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:
Հիշեցնենք, որ նախօրեին Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.733 միավոր է վաստակել և կարիերայում երկրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: