Անթալիայում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը հաղթել է ռուս շախմատիստին և 5,5 միավորով գլխավորել մինչև 18 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը, հայտնում է European Youth Chess Championship22 կայքը։
Նշվում է, որ հայ մարզուհի Մարիամ Մկրտչյանը հաղթել է ուկրաինացի շախմատիստին և միանձնյա գլխավորել ավագ տարիքի աղջիկների մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 5,5 միավոր։
Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում 5,5 միավոր է վաստակել Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Ղազարյանը, հայտնում է կայքը։
Նոյեմբերի 6-ին Թուրքիայում տեղի է ունեցել շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնության բացումը, որին մասնակցում են 46 ֆեդերացիաների 1000 խաղացողներ։ Մրցաշարը կանցկացվի 6 տարիքային կարգերում՝ 8, 10, 12,14,16 և 18 տարեկան՝ 9 մրցափուլով։ Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 14-ին։