Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն տեղափոխվել է պալիատիվ օգնության բաժանմունք, քանի որ աղիների քաղցկեղի դեմ պայքարում նրա օրգանիզմն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային, գրում է Daily Mail-ը:
Պալիատիվ խնամքի խնդիրն է կանխել և մեղմել կյանքի համար վտանգավոր կամ անբուժելի հիվանդության առջև ծառացած հիվանդների տառապանքները:
Աշխարհի եռակի չեմպիոնը հոսպիտալացվել էր անցած երեքշաբթի՝ այտուցի և սրտի անբավարարության պատճառով: Հինգշաբթի օրը կլինիկան հայտարարություն է տարածել այն մասին, որ նախկին ֆուտբոլիստը գտնվում է կայուն վիճակում: Պելեի դուստրը՝ Կելին, նույնպես հայտարարել է, որ իր հոր կյանքին վտանգ չի սպառնում։
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի՝ Բրազիլիայի և Կամերունի հավաքականների միջև խաղից առաջ երկրպագուներն ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն Պելեի։
Բրազիլացին 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով։ Իր կարիերայի ընթացքում նա 1363 խաղում խփել է 1289 գնդակ։
1999 թ. – ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Պելեին անվանեց դարի ամենամեծ մարզիկը, չնայած այն հանգամանքին, որ նա երբեք ելույթ չի ունեցել Օլիմպիական խաղերում: