Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը․ մրցումային վերջին օրը Հայաստանը երկամարտի ևս մեկ մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Գերծանր քաշայինների պայքարում գյումրեցի 23-ամյա ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ (215+246) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին և բրոնզե մեդալ նվաճել։ Վարազդատ Լալայանը նաև 1 փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ հաջող կատարելով բոլոր 3 մոտեցումները և վերջնարդյունքում գրանցելով 215 կգ արդյունք։
Լալայանը երկամարտում 1 կգ-ով է զիջել արծաթե մեդալը նվաճած Գոռ Մինասյանին, որը ներկայացրել է Բահրեյնը։ Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը և կարիերայում երրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 466 կգ (215+251) արդյունքով։
Միջազգային մրցումներում գերծանր քաշային կարգում իր նորամուտն է նշել նաև Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ 425 կգ (190+235)։ Գերծանր քաշայինների պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Նշենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում երկամարտի ևս մեկ բրոնզե մեդալ էր նվաճել 25-ամյա ծանրորդ Սամվել Գասպարյանը (102 կգ)։ Վերջինս, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով երրորդ տեղն էր զբաղեցրել՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։