ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Համապատասխան հրամանագիրը Հայաստանի նախագահը ստորագրել է դեկտեմբերի 23-ին։ Նախաձեռնության հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, 2022 թվականին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Արթուր Վահրամի Դավթյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է հրամանագրում։
2022 թվականի նոյեմբերին Լիվերպուլում անցկացված աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճել է ոսկե մեդալ հենացատկում։