Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Հայ մարզիկներից լավագույն արդյունքը գրանցել է դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Նա 4-րդ տեղն է զբաղեցրել ինչպես դահուկավազքի 10 կմ ազատ ոճի, այնպես էլ 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում: 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի առաջատար դահուկորդին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում ընդամենը 17 վայրկյան չի բավականացրել բրոնզե մեդալ նվաճելու համար:
10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում ևս Միքայելը շատ մոտ է եղել մեդալակիր դառնալուն: Հայաստանի ներկայացուցիչը 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ զիջելով միայն Ճապոնիայի, Նորվեգիայի և ԱՄՆ ներկայացուցիչներին: Միքայել Միքայելյանն ավելի վաղ հանդես է եկել նաև 1500 մետր սպրինտի որակավորման փուլում, որտեղ ելույթն ավարտել է 13-րդ հորիզոնականում՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը հսկա ոլորավայրէջքի մրցումներում 93 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 37-րդ տեղը, իսկ ոլորավայրէջք մրցաձևում բավականին վստահ է ավարտել առաջին փորձը, սակայն չի հաջողել երկրորդում։
Համաշխարհային ձմեռային ուսանողական 31-րդ խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը, զուգահեռ հսկա ոլորավայրէջքի որակավորման փուլում ցույց է տվել 39,37 վայրկյան արդյունք և դուրս եկել 1/16 եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է ամերիկացի Հանտեր Բերնարդին և դուրս մնացել մրցապայքարից: Ընդհանուր հաշվարկով՝ Նորիկ Թադևոսյանը 33 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 29-րդ տեղը: Թադևոսյանը հանդես է եկել նաև զուգահեռ ոլորավայրէջքի մրցումներում և զբաղեցրել 26-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել էին մենասահորդ Մարինա Ասոյանը և Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը: Մարինա Ասոյանը կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկների շարքից, իսկ Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը գրավել է 13-րդ տեղը:
Գերատեսչությունից հայտնում են, որ ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ Համաշխարհային ձմեռային ունիվերսիադային մասնակցել է պետական ֆինանսավորմամբ. ՀՀ կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել: Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում նա 27,04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի: