ՀՀ խառը մենամարտերի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած երիտասարդների և մեծահասակների աշխարհի առաջնությանը հայ մարզիկի նկատմամբ կողմնակապահություն է ցուցաբերվել:
Ֆեդերացիան հայտնում է, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած երիտասարդների և մեծահասակների աշխարհի առաջնությունը Հայաստանի երիտասարդների հավաքականի անդամ Սպարտակ Միքայելյանը 77.1 կգ. քաշային կարգում տոնել է երեք փայլուն հաղթանակ և դուրս եկել եզրափակիչ։
«Եզրափակիչ մենամարտում Սպարտակ Միքայելյանը հանդիպեց Ուկրաինան ներկայացնող մարզիկի հետ, մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթանակը տրվեց Ուկրաինան ներկայացնող մարզիկին։
ՀՀ խառը մենամարտերի Ֆեդերացիան մրցավարների այդ որոշումը համարում է բացահայտ կողմնապահություն՝ ի օգուտ Ուկրաինան ներկայացնող մարզիկի, և իր անհամաձայնությունն է հայտնում մրցավարական անձնակազմին»,-նշել են ֆեդերացիայում:
Ֆեդերացիայում ընդգծել են՝ համաձայն միջազգային ֆեդերացիայի (IMMAF) կանոնակարգի, քանի որ մրցավարների որոշումը եղել է ոչ միաձայն, ըստ կանոնակարգի բողոքարկելու իրավունք չի տրվում։
«Այնուհանդերձ ֆեդերացիան հորդորում է զերծ պահել սպորտը քաղաքականությունից և թողնել, որպեսզի մարզիկները հավասար և արդար պայմաններում պարզեն ուժեղագույնին»,-եզրափակել են ֆեդերացիայում: