Հայաստանի երեք ներկայացուցիչները՝ Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, դուրս են եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Առանձին վարժություններում Գագիկ Խաչիկյանը հաղթահարել է նժույգթափեր վարժության որակավորման փուլը, Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը հաջող են հանդես եկել օղակների վրա վարժությունում։
Այսօր պայքարի դուրս կգա նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Մրցաշարը կավարտվի փետրվարի 26-ին։ Հայաստանի թիմը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան և Գագիկ Խաչիկյան։