Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանն առաջին տեղով է հաղթահարել հենացատկի որակավորումը՝ վաստակելով 14.949 միավոր և դուրս գալով եզրափակիչ։
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։