Սերբիայում ընթացող Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունում հայ շախմատիստ Մանուել Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատի 5-րդ տուրի պարտիան տեղի է ունեցել մարտի 7-ին և ավարտվել 1։0 հաշվով՝ հօգուտ հայ մարզիկի։
«Հաղթանակներ են տարել նաև հայ շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը և Սարգիս Մանուկյանը։ Գաբրիել Սարգսյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3,5-ական միավոր։
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից։