Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, հաղթանակներ են տարել քառորդ եզրափակչում և դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի քառորդ եզրափակչում մենամարտել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ հաղթել 5:0 հաշվով: Բաչկովն ԱԱ-ի 1/8 եզրափակչում ավելի վաղ 5:0 հաշվով առավելության էր Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ:
ԱԱ-ում առնվազն բրոնզե մեդալ է ապահովել նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ և 4:0 հաշվով կամային հաղթանակ տարել: Հայ բռնցքամարտիկը ավելի վաղ մենամարտել էր նաև իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ տարել:
Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում: Հովհաննիսյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ: 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հովհաննիսյանն ավելի վաղ ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+կգ):