Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում օգոստոսի 5-ին կայացել են ԱՊՀ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները, որտեղ Հայաստանը ներկայացնող 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ԱՊՀ երկրորդ խաղերի չեմպիոն է դարձել, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Եզրափակչում 4:2 հաշվով Հովհաննիսյանը պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին։
Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Գրիգորյանը (82 կգ)։ Փոքր եզրափակչում նա 24 վայրկյանում հաղթել է տաջիկ մրցակցին։
Սամվել Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ հաղթել էր Տաջիկստանի ներկայացուցչին։ Հետո նա շանս չէր տվել թուրքմեն մրցակցին։ կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում հաղթել էր ադրբեջանցի Մամադլիին։
Օգոստոսի 3-ին հայտնել էինք, որ Բելառուսում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ՝ ավելի քան 140 պատանի և երիտասարդ մարզիկ։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը չափեցին ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: