Բոսնիա և Հերցեգովինայում բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 4 մարզիկ հաղթել է մրցակիցներին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հաղթանակած 44 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը, 52 կգ քաշային Էդուարդ Քարամյանը, 54 կգ քաշային Բագրատ Ղազարյանը և 66 կգ քաշային Նարեկ Կիրակոսյանն անցել են առաջնության 1/4 եզրափակիչ։
Ղազարյանը մրցակցին հաղթել է նոկաուտով, իսկ Կիրակոսյանն ու Քարամյանը երկու անգամ նոկդաունի են ենթարկել իրենց մրցակցներին, հավելել են ֆեդերացիայից։
Օգոստոսի 5-ին առաջնությանը Հայաստանը ներայացնող 42 կգ քաշային Սուրեն Բաբլումյանն ու 48 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը հաղթել էին մրցակիցներին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Օգոստոսի 3-ին իրենց մենամարտերը հաղթանակով էին ավարտել 46 կգ քաշային Նարեկ Մխիթարյանը, 57 կգ քաշային Էլբրուս Բոզինյանը, 63 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը և 70 կգ քաշային Ռոբերտ Եղշատյանը։ Առաջնությանը մասնակցում է 30 երկրի 363 մարզիկ։ Հայաստանը ներկայացնում են 13 տղա և 3 աղջիկ։ Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 1-11-ը։