Փարիզի Օլիմպիական խաղերի փոքր եզրափակչում հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչը, իսկ Արթուր Ալեքսանյանինը՝ Իրանի, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
77 կգ քաշային կարգում Ամոյանը բրոնզե մեդալի համար կպայքարի հայկական ծագումով ըմբիշ Արամ Վարդանյանի հետ։ Վարդանյանը 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, ինչպես նաև Ասիայի առաջնության, Ասիական փակ և մարտարվեստի խաղերի բրոնզե մեդալակիր։
97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում կմրցի ադրբեջանական ծագումով իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիի հետ, ով 2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզ էր նվաճել։
Ֆեդերացիայից հավելել են, որ Ալեքսանյանի և Ամոյանի մասնակցությամբ մենամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 21:30-ին։
Օգոստոսի 6-ին Ամոյանը կիսաեզրափակչում 3։1 հաշվով պարտվել էր ճապոնացի մրցակցին։ Ամոյանն օգոստոսի 6-ին քառորդ եզրափակչում 3-0 հաշվով առավելության էր հասել իրանցի Ամին Յավար Կավիանինեժադի նկատմամբ, մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 8:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիան ներկայացնող Ջոնի Սարկինենին։
Նույն օրը Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 5։3 հաշվով առավելության էր հասել կուբացի Գաբրիել Ռուսիլոյի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։