Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը 4։10 հաշվով պարտվել է Իրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
67 կգ քաշային Գալստյանը քառորդ եզրափակչում 3:2 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի մարզիկ Մամադաս Սիլայի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Գալստյանը հաղթել էր Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Արոյոյին։
Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Նա դարձել է արծաթե մեդալակիր։ «Ինձ մոտ միայն ոսկե մեդալն է պակասում, ամեն ինչ կանեմ, որ դա էլ լրացնեմ»,- Armenia Today-ի հարցին ի պատասխան «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել էր Դավթյանը։
Ըմբշամարտի Օլիմպիական մրցաշարում այսօր 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանն Ուզբեկստանը ներկայացնող հայազգի Արամ Վարդանյանի հետ կվիճարկի բրոնզե մեդալը։ Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար, մրցակիցը եզրափակչում կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2021 թվականի չեմպիոն և կրկնակի բրոնզե մեդալակիր, իրանցի Մոհամմադհադի Սարավին։
Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։