Ինձ իմ ուզած մեդալի գույնն էր պետք, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Նա այսպես է մեկնաբանել Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումների եզրափակիչ գոտեմարտը, որում 1։4 հաշվով զիջել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին։
Խոսելով եզրափակիչ գոտեմարտի մասին՝ նա նշել է, որ հաղթող ճանաչված իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիի նկատմամբ պահանջ կամ բողոք չունի։
«Սարավին մեղավոր չէր, ինքն ի՞նչ աներ, այստեղ մրցավարներն են (մեղավոր-խմբ․)»,- ասել է մարզիկը։
Ալեքսանյանը նշել է, որ իր կարիերայում մրցավարության հետ կապված անարդարություններ շատ են տեղի ունեցել։
Հայ ըմբիշի խոսքով՝ Փարիզում Հայաստանի մարզիկների նկատմամբ լարվածություն կար․ հայ մարզիչների բողոքարկումներից ոչ մեկն արդյունավետ չի ավարտվել։
«Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում հաղթեց, հետո բողոքարկեցին, ամբողջովին փոխեցին, գոտեմարտի ելքը փոխվեց, բայց Սլավիկը պիտի եզրափակչում հանդես գար»,- ասել է Ալեքսանյանը։
ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքները։ Օգոստոսի 12-ին գոտեմարտի արդյունքների հարցով Հայաստանը դիմել էր ՄՕԿ-ին։
Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում իր տեղը զիջել էր իրանցուն ու դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 11-ին ծանրորդ Վարազդատ Լալայանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։
Մանրամասները՝ տեսանյութում։