«Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է 2024 թվականի նոյեմբերին կարիերան ավարտելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
38-ամյա թենիսիստն Իսպանիայի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերին՝ Մալագայում կայանալիք «Դևիսի» գավաթի խաղարկության եզրափակչում։
«Շատ գոհ եմ, որ իմ վերջին մրցաշարը կլինի «Դևիսի» գավաթը, որում ես կներկայացնեմ իմ երկիրը։ Սա ամբողջական շրջան է, քանի որ իմ առաջին հաղթանակներից մեկը 2004-ին Սևիլիայում կայացած եզրափակիչն էր»,- ասել է նա:
«Դևիսի» գավաթի խաղարկության եզրափակիչ հատվածը կկայանա նոյեմբերի 19-24-ը։
Նադալը վերջին տարիներին վնասվածքներ էր ստացել՝ բաց թողնելով 2023 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունը, իսկ այս տարի առաջին շրջանում պարտվել էր Ալեքսանդր Զվերևին։
Նա իր վերջին տիտղոսը նվաճել էր 2022 թվականին («Ռոլան Գարոսի» մրցաշար) և լքել փարիզյան կորտը ցնցող ռեկորդով՝ 112 հաղթանակ՝ 4 պարտության դիմաց:
Հուլիսի 29-ին Փարիզի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարում Նադալը պարտություն էր կրել սերբ Նովակ Ջոկովիչից։