Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան՝ UEFA-ն (Union of European Football Association), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նկատմամբ երկու տուգանք է սահմանել՝ 17,5 հազար եվրո երկրպագուների կողմից փակցված վիրավորական դրոշի համար և 20 հազար եվրո՝ տրիբունայում ճայթուկների օգտագործման համար, տեղեկացրել են UEFA-ի կարգապահական ծառայությունից։
Բացի դրամական տուգանքներից, UEFA-ն որոշել է, որ Հայաստանի հավաքականի հաջորդ «տնային» խաղը պետք է անցկացվի կիսափակ մարզադաշտում, տրիբունաների 500 նստատեղերը պետք է ազատ լինեն։ Դրանից հետո մարզադաշտը երկու տարվա փորձաշրջան կունենա։
Խախտումները գրանցվել են UEFA-ի Ազգերի լիգայի հինգերորդ տուրի՝ Ֆարերյան կղզիների հետ նոյեմբերի 14-ին կայացած խաղում: Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր 0:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Հանդիպման ընթացքում First Armenian Front (FAF) և Red Eagles շարժման երկրպագուները տրիբունայում կարմիր ճայթուկներ էին վառել: Նրանք բղավել և պահանջել էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Երկրպագուների մարզաշապիկներին գրված էր՝ FFA offside։ Խաղից առաջ նրանք նույն պահանջով երթ էին իրականացրել դեպի մարզադաշտ:
UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Մելիքբեկյանի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հոկտեմբերի 31-ին միացել է երկրպագուների՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին: Նոյեմբերի 1-ին «Ուրարտու» ակումբը ՀՖՖ-ին մեղադրել էր անարդյունավետության մեջ և միացել Հայաստանի ազգային հավաքականի և Պրեմիեր լիգայի ֆան ակումբների՝ ՀՖՖ ղեկավարությանը պաշտոնանկ անելու պահանջին: Նոյեմբերի 1-ին «Նոա» և «Ուրարտու» ակումբների հանդիպման ժամանակ երկրպագուները բողոքի ակցիա էին անցկացրել Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով:
Տասնյակ երկրպագուներ ընդհատել էին Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումը՝ ճայթուկներով դուրս վազելով խաղադաշտ: Նրանք բացել էին «քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառը և բղավել՝ «հեռացիր»։ Ավելի ուշ խաղը վերսկսվել էր։ «Նոան» երկխոսության կոչ էր արել ֆուտբոլի ֆեդերացիային և Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող ակումբներին: