Բրիտանացի դերասան, երաժիշտ և երգիծաբան, BBC-ի հաղորդավար Քեվ Օրքիանը բրիտանական ԶԼՄ-ներին ուղղված քննադատությամբ մի քանի տեսահոլովակներ է հրապարակել, որոնք, ըստ նրա, չեն գրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նա հայտարարել է, որ իր հայրենիքը հայոց երկրորդ ցեղասպանության շեմին է, և համաշխարհային լրատվամիջոցները պետք է ավելի ակտիվ լուսաբանեն վերջին իրադարձությունները։
«Ես չեմ դադարի խոսել այդ մասին, քանի դեռ աշխարհը չի սկսել խոսել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին», – հայտարարել է բրիտանացի դերասանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: