Melladi ապրանքանիշի հիմնադիր, հայ դիզայներ Մարիա Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցել է ամենամյա Metropolitan Fashion Week-ին: Գրիգորյանն ընդգրկվել է եզրափակիչ անցած մրցույթի 10 մասնակիցների թվում։ Այս մասին հայտնել է հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը, ով ապրանքանիշը ներկայացրել է որպես մոդել։
«Ինձ համար մեծ պատիվ է աշխատել մոդելավորող Մարիա Գրիգորյանի հետ՝ Հայաստանը ներկայացնելով իր Mellardi բրենդի համար», – գրել է հաղորդավարուհին Facebook-ում:
Հոբելյանական 10-րդ Metropolitan Fashion Week-ի թեման այս տարի դարձել է ճարտարապետությունը։ Կարապետյանը պատմեց, որ Գրիգորյանի զգեստը ոգեշնչվել է Գառնու հեթանոսական տաճարից, և յուրաքանչյուր մանրուք խորհրդանշական է։ Զգեստն առանձնանում է հագեցած նարդոս գույնով, որը պետք է հիշեցնի տաճարի գույնն ու կառուցվածքը մայրամուտի ժամանակ։ Դիզայներն օգտագործել է հայկական ազգային տարազի ավանդական տարրերը, սակայն դրանք վերաիմաստավորել է ժամանակակից ոճով։ Նա ընդգծել է, որ զգեստն ամբողջությամբ ձեռքով է արվել, իսկ դրա ստեղծման համար պահանջվել է մոտ 400 ժամ:
Metropolitan Fashion Week-ի ցուցադրությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում՝ Սիեթլում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում, Փալմ Սփրինգսում: Էդուարդո Հավամը այս շոուն հիմնել է 2012 թվականին։ Ինչպես հայտնել է Կարապետյանը, Հավամը հայկական արմատներ ունի. նրա մայրը հունական ծագում ունեցող հայ է, իսկ հայրը՝ սիրիացի։