ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, կոչ արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հրապարակած տեսաերիզը։
Նա, ամբիոնից ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, մասնավորապես ասել է. «Հուլիսի 12-ից սկսած ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին, կրակ բացել քաղաքացիական անձանց վրա Տավուշի մարզում: Դրանից հետո հակամարտությունը, ցավոք, սրվել է: Ադրբեջանական ուժերը հարվածել են հայկական դպրոցներին, գործարաններին, այն գործարանին, որն արտադրում է անձնական պաշտպանիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս համավարակի ընթացքում: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Նա շեշտել է, որ հիմա առավել, քան երբևէ, կարևոր է, որ իրենք խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատեն Արցախի հետ:
Ջիմ Կոստան նաև նշել է, որ անվտանգության հարցում Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրվող աջակցությունն անմիջապես պետք է վերագնահատեն, քանի որ Ադրբեջանն իր գործողություններով համապատասխան չէ, իսկ Հայաստանին տրվող աջակցությունը պետք է ավելացնեն: