Առաջին անգամ իր պատմության մեջ Միացյալ Նահանգներն առաջիկա 10 տարում երկու մրցակից կունենա՝ ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի, որոնք միջուկային ներուժ ունեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը՝ Միթչելի ինստիտուտում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որն անցկացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ասոցիացիայի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Ռիչարդի՝ Չինաստանը գտնվում է միջուկային եռյակի ստեղծման գործընթացի եզրափակիչ մասում՝ ներկայումս ունենալով ժամանակակից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և սուզանավեր:
«Չինաստանը ձգտում է, որ տասնամյակի ավարտին հավասար պայմաններով մեր ռազմավարական մրցակիցը դառնա։ Այդ ոլորտում երկրորդ մրցակիցն ԱՄՆ-ի համար Ռուսաստանն է։ Այսպիսով, ԱՄՆ-ն առաջին անգամ կբախվի միջուկային ներուժ ունեցող երկու մրցակիցների հետ»,- նշել է պաշտոնյան։
Ամերիկյան ծովակալի կարծիքով՝ Չինաստանը ընդհանուր ռազմական ներուժի ընդլայնման արագությամբ գերազանցում է Միացյալ Նահանգներին՝ մշակելով կառավարման և նախազգուշացման նոր համակարգեր, ինչպես նաև բարելավելով մարտական պատրաստվածությունը:
Խոսելով Ռուսաստանի մասին՝ Ռիչարդը նշել է, որ Մոսկվան վերջին 15 տարում իրականացնում է ինչպես ռազմական կառավարման համակարգերի արդիականացում, այնպես էլ աշխատում է զորավարժությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
«Ռուսաստանը 70 տոկոսով հասել է իր նպատակներին»,- հավելել է ադմիրալը։
Հուլիսի 27-30-ը Ավստրիայի մայրաքաղաքում երկկողմ ռազմավարական երկխոսության շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջգերատեսչական պատվիրակությունների հանդիպումը: Վաշինգտոնը հույս ուներ երկխոսության մեջ ներգրավել չինական կողմին։ Հուլիսի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները նախ բանակցություններ կվարի Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ, իսկ հետո արդեն Վաշինգտոնն ու Մոսկվան միասին երկխոսություն կսկսեն Պեկինի հետ:
Հուլիսի 8-ին Չինաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը նշել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել, Եթե Միացյալ Նահանգները կրճատի իր զինանոցները մինչև այն մակարդակը, որն առկա է ՉԺՀ-ի տրամադրության տակ: