ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարներ է ուղարկել Արցախ, այդ թվում՝ կինոլոգներ, փրկարարներ, կապավորներ և հոգեբաններ: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 6-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ «Իլ-76» օդանավը փրկարարներով թռիչք է իրականացրել Մոսկվայից:
Օդանավով կբերվի նաև երեք ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:
Նշենք, որ ռուս խաղաղապահ զորախմբի կազմում ավելի քան 60 ռազմական բժիշկ է աշխատում, որոնք օրեր առաջ Խաբարովսկից Երևան, ապա` Ստեփանակերտ էին փոխադրվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: