Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ամերիկյան Pfizer-BioNTech-ի արտադրության դեղամիջոցով: Այս մասին չորեքշաբթի հայտնել է արգենտինական La Nacion թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրները
Պարբերականը նշում է, որ քահանայապետին ներարկել են դեղամիջոցի առաջին չափաբաժինը: Երկրորդ չափաբաժինը նա կստանա երեք շաբաթ անց:
Il Messaggero թերթի տեղեկություններով ՝ Հռոմի 93-ամյա Պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI-ը նույնպես մտադիր է պատվաստվել:
Վատիկանում Հռոմի պապի պատվաստման մասին տեղեկությունը դեռ պաշտոնապես չեն հաստատել: Վերջերս տված հարցազրույցում 84-ամյա քահանայապետը հայտարարել էր պատվաստվելու իր մտադրության մասին։
Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտնել էր, որ Վատիկանում պատվաստման արշավ է սկսվել:
Առողջապահության և հիգիենայի հարցերով Վատիկանի տնօրինությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ պատվիրվել է Pfizer-BioNTech ընկերության պատվաստանյութերի 10 հազար չափաբաժին: Համավարակի ընթացքում Վատիկանում հայտնաբերվել են վարակման տասնյակ դեպքեր: Վարակվել է նաև մի քանի կարդինալ։