Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինծառայող է զոհվել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։
«Այսօր՝ ժամը 11: 40-ին, Ուկրաինայի զինված կազմավորումները, օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքը, հարված են հասցրել ԴԺՀ ժողովրդական միլիցիայի դիրքերին՝ Ստարոմիխայլովկա ավանի շրջանում։ Պայթյունի հետևանքով զոհվել է մեր հանրապետության պաշտպանը»,- մեջբերում է Դոնեցկի լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԴԺՀ-ի ներկայացուցչությանը:
Ներկայացուցչությունում հավելել են, որ շփման գծում իրավիճակն օրեցօր վատթարանում է, մարտական գործողությունների ակտիվացումը արձանագրվում է բոլոր ուղղություններով:
«Կոչ ենք անում ուկրաինական կողմին դադարեցնել զինված սադրանքները, այլապես մենք ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ»,- նախազգուշացրել է ԴԺՀ-ի ներկայացուցչությունը: