Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան և դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։
Նա նաև Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Այս մասին նշվում է մի շարք լրատվամիջոցներում տարածված Նաիրա Զոհրաբյանի գրասենյակի հայտարարությունը։
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր ես չեմ խոսելու արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի պարտության մասին։ Դա մենք քննարկելու ենք մեր երկրում եւ բոլոր մեղավորների դատավճիռները հնչելու են մեր երկրում։ Այսօր ես խոսելու եմ հումանիտար այն ճգնաժամի մասին, որն արդյունք էր Ադրբեջանի հրահրած նախադեպը չունեցող պատերազմի», հայտարարել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ կարող է ցուցադրել կադրեր, որոնք վերցված են հենց ադրբեջանական մեդիա ռեսուրսներից, թե ինչպիսի կտտանքների եւ նվաստացումների են ենթարկում գերեվարված հայ զինվորներին։
«Ես հարց ունեմ ձեզ, հարգելի գործընկերներ, ձեզանից որեւէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, ում որդուն գլխատում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչներն ու գլխատված որդու նկարն ուղարկում մերձավորներին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում մի քանի տասնյակ հազար արցախահայեր տեղահանվեցին իրենց բնակավայրերից, եւ ի՞նչ է սա, եթե ոչ հումանիտար աղետ։ Այն, ինչ այս պատերազմում արեց Ալիեւ-Էրդողան երկյակը, միջազգային բոլոր իրավավակարգավորումներով հստակ ռազմական հանցագործություն է եւ պիտի ճանաչվի այդպիսին։ Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով իր երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարեց, որ նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ»,- նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս կարգի հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմյան մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները:
«Ես խնդրում եմ Եվրոպայի Խորհրդին՝ օգտագործել իր մանդատն ու անել առավելագույնը՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Մի պահ ձեզ պատկերացրեք այն հայ մոր փոխարեն, ով այս ամիսներին դժոխքի միջով է անցնում՝ փնտրելով ու սպասելով իր որդուն։ Այսօր իմ միակ խնդրանքը ձեզ դա է։ Եթե խոսում ենք այս պատերազմի հումանիտար հետեւանքների մասին, ապա օգնեք վերադարձնել մեր զինվորներին։ Ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից։ Ադրբեջանական գերության մեջ յուրաքանչյուր օրը նվազեցնում է ողջ մնալու հայ զինվորի շանսը, որովհետեւ մենք գործ ունենք դահիճ եւ մարդասպան պետության հետ», – հայտարարել է Զոհրաբյանը եվրոպական ամբիոնից։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2021 թվականի ձմեռային նստաշրջանն անցկացնելու է հունվարի 25-ից 28-ը։ Նստաշրջանի ընթացքում քննարկվում է նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցը։