Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել է իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պատգամավոր Աքսել Ֆիշերին, որպեսզի քննչական մարմիններին խուզարկություններ իրականացնելու և հետաքննություն անցկացնելու իրավունք տրվի: Ամենայն հավանականությամբ, որոշումը կապված է Ֆիշերի հնարավոր լոբբիստական գործունեության հետ՝ հօգուտ Ադրբեջանի իշխանությունների։ Այս մասին տեղեկանում ենք DW պարբերականից:
Մյունխենի գլխավոր դատախազությունում հայտնել են, որ նա կասկածվում է կաշառակերության մեջ: Արդեն խուզարկություններ են կատարվել Բադեն-Վյուրտեմբերգում եւ Բեռլինում, մասնավորապես, Բունդեսթագի պատգամավորական գրասենյակում և բնակելի շենքերում: Գործողությանը մասնակցել են դատախազության եւ քրեական գործերով դաշնային գերատեսչության շուրջ 60 աշխատակիցներ: Խուզարկություններին նախորդել են մեծածավալ քննչական գործողություններ՝ ուղղված Բունդեսթագի նախկին և գործող պատգամավորների դեմ, որոնք ընդգրկված էին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գերմանական պատվիրակության կազմում։
«Նրանց մեղադրում են նաև Ադրբեջանից 2008-2016 թվականներին բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով Բալթյան բանկերի հաշիվների միջոցով գումարներ ստանալու մեջ», – նշվում է դատախազության հայտարարության մեջ:
Ստանալով կաշառք՝ գերմանացի պատգամավորները կատարել են ադրբեջանցի պատգամավորների պահանջները՝ բանաձևերի նախագծերի և դրանց վերաբերյալ քվեարկության, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում տարբեր պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ:
Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական բաժանմունքում ողջունել են Բունդեսթագում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննությունները, որում ներգրավված է եղել ոչ միայն Ակսել Ֆիշերը, այլ նաև գերմանացի այլ պատգամավորներ: