Սուեզի ջրանցքը բացվել է։ Այս մասին հայտնել է Vesti․ ru-ն։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ փրկարարական անձնակազմերին հաջողվել էր Սուեզի ջրանցքում ծանծաղուտից մասնակիորեն հանել Ever Given բեռնարկղանավը։
Այն 400 մետր երկարությամբ բեռնատար նավ է, որը պատկանում է Ճապոնիայի «Shohei Kisen» ընկերությանը: Մարտի 23-ին ուժեղ քամու և ավազամրրիկի պատճառով նավը փոխել է ընթացքի ուղղությունն ու առջևի մասով բախվել ափին՝ արգելափակելով Սուեզի ջրանցքի միակողմանի գոտին: Մինչ այս քարշակների օգնությամբ այն դուրս բերելու փորձերն անհաջող էին։
Աղբյուրը հայտնել է, որ, այնուամենայնիվ, մինչ օրս առկա է հարյուրավոր առևտրային նավերի և նավթի բեռնարկղերի խցանում։ Եվրոպայի երկրորդ խոշորագույն նավահանգիստը՝ Անտվերպենը, Սուեզի ջրանցքի ապաշրջափակումից հետո երթևեկության զգալի աճի է սպասում։
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովն ավելի վաղ հրապարակել էր արգելափակված Սուեզի ջրանցքի լուսանկարները, որոնք արվել են Միջազգային տիեզերակայանից:
Նավագնացության ոլորտում Lloyd’s List փորձագիտական կազմակերպության հաշվարկներով՝ ջրանցքի արգելափակումը ամեն օր հետաձգում է ապրանքների տեղաշարժը՝ ընդհանուր 9,6 մլրդ դոլար գումարի չափով: