Ever Given բեռնանավի հետ կապված միջադեպը, որը հանգեցրեց Սուեզի ջրանցքի արգելափակմանը, տեղի է ունեցել մարդկային սխալի պատճառով: Նման կարծիք է հայտնել ջրանցքի ղեկավար Ուսամա Ռաբիան՝ ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում. հաղորդում է eadaily.com-ը:
«Հնարավոր է, որ նավապետը սխալ է թույլ տվել ղեկը կառավարելիս կամ արագությունը կարգավորելիս», – ասել է Ռաբիան ՝ շեշտելով, որ առկա տվյալների վերլուծությունը հաստատում է այն վարկածը, որ միջադեպը մարդկային սխալի հետևանք է:
Նա նաև նշել է, որ նավի վրա ներկա է եղել ջրանցքի վարչակազմի լոցմանը՝ նավատարը, բայց ևս մեկ անգամ շեշտել է, որ Սուեզի ջրանցքի ղեկավարությունը միջադեպի համար պատասխանատվություն չի կրում:
«Նավատարը խորհուրդներ է տալիս, բայց վերջնական որոշումը կայացնում է նավապետը: Մեր կողմից ոչ մի սխալ չի եղել, և մենք պատասխանատվություն չենք կրում», – հավելել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Ever Given բեռնանավը խրվել էր ուժեղ քամու և ավազամրրիկի պայմաններում՝ ամբողջությամբ արգելափակելով ջրանցքը: