Սանկտ Պետերբուրգի «Նևայի մանուֆակտուրա» շենքի փլատակներում շարունակվում է հրդեհը, իրականացվում են մարման աշխատանքներ։
Այս մասին TACC-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Աշխատանքներ են տարվում կառույցն ապամոնտաժելու և 500 քմ տարածքի փլատակներում տեղային հրդեհները մարելու ուղղությամբ», – հայտնեցին մամուլի ծառայությունից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելել է, որ մարման աշխատանքներին ներգրավվել է 37 մարդ և 9 սարքավորում:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգում հրդեհվել է «Նևայի մանուֆակտուրա» բիզնես կենտրոնի շենքը։
Նշվում է, որ հրդեհը մարելիս զոհվել է մեկ հրշեջ, ևս երկուսը տուժել են:
Հրդեհին տրվել է հինգերորդ (առավելագույն) աստիճանի բարդություն: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 300 մարդ և մեկ ուղղաթիռ:
Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն նշվում է, որ արտադրական շենքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջների խախտումներ՝ հրդեհային պաշտպանության համակարգերի բացակայություն կամ անսարքություն: Բացի այդ, սենյակում եղել են դյուրավառ նյութեր, որոնք կարող էին նպաստել կրակի արագ տարածմանը: