Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիայի իշխանություններին՝ ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Պատասխան միջոցներ կձեռնարկենք, որոնք այդ սադրանքի հեղինակներին կստիպեն գիտակցել մեր երկրների միջև հարաբերությունների բնականոն զարգացման հիմքերը խարխլելու ամբողջ պատասխանատվությունը», – ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում այդ քայլը համարել են վերջին տարիներին Չեխիայի կողմից ձեռնարկված հակառուսական ակցիաների շարունակություն:
«Այստեղ անհնար է չտեսնել նաև ամերիկյան հետքը։ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան վերջին պատժամիջոցների ֆոնին ԱՄՆ-ին հաճոյանալու ձգտման մեջ չեխական իշխանությունները նույնիսկ գերազանցել են օվկիանոսից այնկողմ գտնվող իրենց տերերին» – հավելել են նախարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ Պրահայում կայացած ասուլիսի ժամանակ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Համաչեկը հայտարարել էին, որ պատրաստվում են արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների: Պրահան դիվանագետներին ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ է մեղադրել։