ԱՄՆ նախագահ Բայդենը պատրաստ է հրապարակայնորեն ճանաչել 20-րդ դարի սկզբի իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ դրանց՝ 1915 թվականից ի վեր Օսմանյան թուրքերի կողմից տեղահանությունը, սովն ու սպանությունը նախագահը կարող է համարել ցեղասպանություն: Հայտարարությունը կարող է արվել շաբաթ օրը, երբ նշվում է այդ իրադարձությունների հիշատակի օրը, նախագահի ամենամյա ուղերձի ժամանակ:
Միևնույն ժամանակ, թերթի աղբյուրները հավելում են, որ վերջնական որոշում չի կայացվել, և Բայդենը կարող է սահմանափակվել խորհրդանշական կոչով՝ չնշելով ցեղասպանությունը, ինչպես դա անում էին նախորդները:
Associated Press-ը նախօրեին տարածել է կոնգրեսականների հայտարարությունը, որում նրանք Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսի ավելի քան 100 անդամ ստորագրել է այն: Դրանում Բայդենին հիշեցրել են 2019 թվականին իր ասած խոսքերը, որ Միացյալ Նահանգները պետք է «մեկընդմիշտ» հաստատի Հայոց ցեղասպանության փաստը: «Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է բացում ապագա զանգվածային հանցագործությունների համար»,-ասել էր նա այդ ժամանակ: Մարտին մի երկկուսակցական սենատորական խումբ նմանատիպ նամակով դիմել էր Բայդենին:
WSJ-ն զգուշացնում է, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է ազդել Թուրքիայի հետ հարաբերությունների վրա: Այս մասին երեքշաբթի օրն ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Նա, մասնավորապես, շեշտել է, որ եթե Վաշինգտոնը մտադիր է վատթարացնել հարաբերությունները Անկարայի հետ, ապա դա իր ընտրությունն է:
Ինչպես գրում է New York Times-ը՝ ըստ ԱՄՆ ներքին քաղաքականության մեջ ներգրավված որոշ պաշտոնյաների, Բայդենը պատրաստվում է հայտարարել, որ ոճրագործությունները ցեղասպանության ակտ են: Այս որոշումը ցույց կտա, որ ամերիկյան նվիրվածությունը մարդու իրավունքներին գերազանցում է Թուրքիայի հետ ամերիկյան դաշինքի հետագա խզման ռիսկը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձեւ ընդունեց, որով հայերի կոտորածը պաշտոնապես ճանաչվում է որպես ցեղասպանություն: Ներկայացուցիչների պալատից հետո, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց նմանատիպ բանաձև, որով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվեց որպես ցեղասպանություն:
Նշենք նաև, որ 1981 թ. ապրիլի 22-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր հայտարարության մեջ նշել է. «Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես Հոլոքոստին նախորդած Հայոց ցեղասպանությունը և դրան հաջորդած ցեղասպանությունը»:
Հետագա տարիներին ԱՄՆ նախագահները չեն օգտագործում «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը: Իր նախագահական առաջին խոսքում Բարաք Օբաման նույնպես խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, բայց հայերեն օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը: